Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՊԵՏՔ ՍՊԱՆԵԼ ԱՅՆ ՄԻԱԿԻՆ, ՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ...

Հասարակություն

Այսօր դատարանում ցուցմունք տվեց հոկտեմբերի 27-ի գործով տուժող սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը: Նա ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ճանաչում էր վաղուց, հանդիպել են պարբերաբար ԱԺ-ում: Թուրքիա մեկնելուց առաջ Հունանյանը Մարտիրոսյանին պատմել է իր ծրագրերի մասին, վերջինս պնդում է, որ դրանք լուրջ չի ընդունել:

1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների դահլիճ մտնելը նախարարը չի տեսել, միայն լսել է կրակոցները: Նրան թվացել է, թե թուրքերն են հարձակվել: Անակնկալի է եկել, երբ տվել են իր անունը, մինչ այդ պահը նա Հունանյանին չի ճանաչել: Ահաբեկիչները Ռազմիկ Մարտիրոսյանին առաջարկել են ելույթ ունենալ, դիմել ժողովրդին, սակայն նա մերժել է:

Նախարարն այն տպավորությունն է ստացել, որ ահաբեկիչներն իրենք էլ չեն գիտակցում իրենց արածի ողջ լրջությունը: Էդիկ Գրիգորյանը, ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, փոշմանած էր: Նա ասել է նախարարին, որ զոհերը նախատեսվածից ավելի շատ եղան: Թե որքան էր նախատեսված պարզ չի: Ընդ որում դա ասել է Նաիրիից թաքուն, երեւի վախենում էր:

Մարտիրոսյանի կարծիքով, դժվար թե սպանությունները անձնական հակակրանքի հողի վրա լինեին, քանի որ դեպքից առաջ Հունանյանն իրեն ասել է. «Երկիրն այս վիճակից միայն Վազգենը կարող է հանել»:

Ի դեպ հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրի Հունանյանը ցանկություն է հայտնել անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այս մասին Մարտիրոսյանին միջնորդել է նրա ընկերը՝ լրագրող Տիգրան Նազարյանը: Սակայն Ռազմիկ Մարտիրոսյանը մերժել է, քանի որ, ինչպես այսօր նա հայտարարեց.«Հունանյանն ինձ վրա թողել էր ամբիցիոզ մարդու տպավորություն»: