Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԱՓԱԶԱՆՑ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ. ԽՈՍՈՒՄ ԵՆ «ԾԱՆՈԹՆԵՐՆ» ՈՒ «ԱԶԳԱԿԻՑՆԵՐԸ»

Հասարակություն

Այսօր հոկտեմբերի 27-ի գործով դատավարության մասնակիցները դժգոհելու առիթ չունեցան, զարմանալի ակտիվություն դրսեւորեցին տուժողները: Դատարան ներկայացան մի քանի հոգի` ԱԺ պատգամավորներ եւ մի նախկին նախարար:

Այսօր ցուցմունք տվեց հոկտեմբերի 27-ի գործով տուժող, ԱԺ պատգամավոր , կոմունիստական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Հրանտ Ոսկանյանը: Նա հիշեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին իր համար անակնկալ լսել է կրակոցներ եւ մյուսների պես պառկել:

Հետագայում որոշվել է, որ ինքը ` որպես տարեց պատգամավոր, Պերճ Բոշնաղյանի հետ պիտի գնա հանրապետության նախագահի մոտ, բանակցությունները կազմակերպելու համար: Նրանք գնացել են նախագահական նստավայր, սակայն այնտեղ են միայն պարզել, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ԱԺ- ում է: Վերադառնալով ԱԺ Ոսկանյանը ամբիոնից հայտարարել է այդ մասին: Պատգամավորը հիշեց նաեւ, որ Էդիկ Գրիգորյանը մոտեցել է իրեն ու ներկայացել, թե ինքը ահաբեկիչ չէ, այլ բժիշկ, եւ «Ժողովրդի ծանր վիճակն է իրեն ստիպել գալ ԱԺ»:

Օգտվելով առիթից, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը հարց ուղղեց պատգամավորին. «Ձեզ մոտեցե՞լ են եւ ասել «կարող եք գնալ»: Ոսկանյանը չժխտեց, որ նման բան եղել է: Հրանտ Ոսկանյանը համոզված է, որ ահաբեկիչների հետեւում որոշակի ուժեր կան եւ այդ ամենը նրանք միայնակ չէին կարող կազմակերպել:

Մյուս ցուցմունք տվողը ԱԺ պատգամավոր Հարություն Մուրադյանն էր: Նա այսօր հայտարարեց, որ անձամբ ճանաչել է ամբաստանյալ Վռամ Գալստյանին դեռեւս 99 թվականի խորհրդարանական ընտրություններից: Նա ճանաչում է Գալստյանին «որպես շատ հարգված մարդու որդի» /հետեւաբար Նաիրի եւ Կարեն Հունանյաններն էլ «շատ հարգված մարդու թոռներ են»/:

Հարություն Մուրադյանը Վռամ Գալստյանին ճանաչելու մասին չէր հայտնել նախաքննության ժամանակ: Ինչու՞ հարցին նա պատասխանեց «Ինձ այդ մասին չեն հարցրել»:

Մեղադրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ պատգամավորին Գալստյանի հարազատները խնդրել են, համոզել, որ Վռամի վերաբերյալ «վատ բաներ» չասել:
Գուցե պատգամավորը կաշկանդվա՞ծ է:
Հարցը զայրացրեց Մուրադյանին, վերջինս երեւի լավ չլսեց եւ հայտարարեց. «Դուք եթե ինձ լավ ճանաչեիք, այդ բանը չէիք ասի, ինձ կաշառել հնարավոր չէ, ես շատ հարուստ մարդ եմ»: Երբ «հարուստ» պատգամավորին բացատրեցին, որ խոսքը ոչ թե կաշառվելու, այլ կաշկանդվելու մասին է, նա համոզված հայտարարեց, որ ինքը ամենեւին կաշկանդված չէ, որ ասում է ճիշտը եւ միայն ճիշտը:

Հարություն Մուրադյանը համոզված է, որ հողագործը չէր կարող նման գործողության ինքնակամ գնալ: Այդ պահին միջամտեց ինքը` «հողագործ» Վռամ Գալստյանը. «Եթե չեք հավատում, կարող եք կարդալ իմ բնութագրերը»,- առաջարկեց նա մեղադրողին:

Այնուամենայնիվ մեղադրողները պատգամավորի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ են գտել: Հատկապես 2 պահ հետաքրքրեց դատախազին: Նախաքննության ընթացքում պատգամավորն ասել է, որ դրսից լսել է կրակոցներ եւ ականի պայթյունի ձայն, այսօր հերքեց այդ ցուցմունքը: Բացի այդ նա ասել էր, որ Նաիրի Հունանյանը սպառնացել էր, որ եթե հանրապետության նախագահը չգա ԱԺ, նրան կվերացնեն: Այսօր Հարություն Մուրադյանը դա էլ ժխտեց: Մեղադրողները պատգամավորին հիշեցրեցին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին:

Կոմունիստ Նորիկ Պետրոսյանը պարզվում է եւ շատ լավ գիտի Հունանյանների հորը` Հրաչիկ Հունանյանին, եւ ազգակցական կապեր ունի Էդիկ Գրիգորյանի հետ:

Նա հիշեց, որ իրենց դահլիճում թվում էր, թե ահաբեկիչները դրսից մարդ են սպասում, եւ իրենք էլ նրանց հետ էին սպասում: Նորիկ Պետրոսյանը գտնում է , որ դա հեղաշրջում էր:

Այսօր պատգամավորին դատավորը պարբերաբար խնդրում էր չշեղվել բուն նյութից եւ ավելի շատ խոսել գործի հանգամանքերի մասին: Պատգամավորը սկսում էր այսպես «գործի հանգամանքները ծանր են» եւ նորից շեղվում: Նա նույնիսկ հոկտեմբերի 27-ի առիթով գրած իր բանաստեղծությունը կարդաց:

Նա համաձայնեց ահաբեկիչների հոր ` Հրաչիկ Հունանյանի ասածին, թե Նաիրի եւ Կարեն Հունանյանները միայն «հարվածողն էին, իսկ հրացանի կոթը իրականում դրսում էր»:

Դատավարությունը կշարունակվի հունիսի 19-ին: