Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ` ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Հասարակություն

Վճռաբեկ դատարանի տնտեսական գործերով պալատն Արման Մկրտումյանի նախագահությամբ այսօր անփոփոխ թողեց Տնտեսական դատարանի ապրիլի 25-ի վճիռը:

Հիշենք, որ Տնտեսական դատարանը ապրիլի 25-ին մերժել էր «Ա1+»-ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի: Ա1+-ը պահանջում էր անվավեր ճանաչել Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի` հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման համար մրցույթներ անցկացնելու մասին թիվ 11-24 որոշումները:

Հայցով նաեւ պահանջվում էր անվավեր ճանաչել հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին եւ 37-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա տալու որոշումները: Տնտեսական դատարանի վճիռն անհիմն է, խեղաթյուրվել են գործի փաստական հանգամանքները, շրջանցվել են Սահմանադրության, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » , «Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «Լիցենզիայի մասին» օրենքների մի շարք դրույթներ: Հենց վճռի անօրինականությունն էլ վիճարկվում էր Վճռաբեկ դատարանում:

Վճռաբեկ դատարանի դատավորները Ա1+-ի հայցին աննախադեպ երկար ժամանակ տրամադրեցին. մեկ ժամի չափ: Այսպիսի բան մեր պատմության մեջ չի արձանագրվել, - նկատեց Արման Մկրտումյանը:

Վճռաբեկ դատարանը «Ա1+»-ի բողոքը չբավարարեց: Վճռաբեկ դատարանը, փաստորեն աջակցեց «Ա1+»-ին, արագացնելով «Ա1+» հեռուստաընկերության՝ Եվրոդատարան դիմելու գործընթացը: