Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ

Մշակույթ

ՀՀ Ազգային գրադարանը «Լինսի» հիմնադրամով նախատեսված շինարարական աշխատանքների ծրագրերում ընդգրկված չէր, մինչդեռ այն վերանորոգման խիստ կարիք ունի: Բացի այդ, ՀՀ Ազգային գրադարանի արդիական խնդիրներից է գրքերի պահպանության հարցը: Չնայած առկա այս խնդիրներին, այսօր Ազգային գրադարանում նշվեց Գրադարանի օրը:

ՀՀ Ազգային գրադարանը հիմնադրվել է 1832 թվականին, սակայն պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականին: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, այս տարիների ընթացքում գրադարանը վերածվել է մեծ ազգային շտեմարանի: Այսօր գրադարանում պահպանվում են շուրջ 7 միլիոն գրքեր, բացի այդ պահոցներում պահպանվել են յուրահատուկ պատմություն ունեցող բացիկներ, ամսագրեր եւ թերթեր:

Պարոն Սարգսյանի խոսքերով, գրադարանի գրքերը համալրում են իրենց սեփական միջոցներով եւ նվիրատվություններով.«Մենք մեր միջոցներով գնում ենք այս կամ այն գիրքը, որպեսզի լիովին բավարարենք ընթերցողի նախասիրությունները»: Պարոն Սարգսյանի հավաստմամբ, այսօր նվազել է ընթերցողների քանակը, քանի որ բնակչության կեսից ավելին զբաղված է կենցաղային խնդիրներ լուծելով.«Այս պարագայում գրադարանը միջնորդի դեր կարող է տանել, այսինքն այն անհատը, որը չի ցանկանում գիրք գնել, հնարավորության ունի տեղեկացվելու գրադարաններում»:

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին : Դեսպանը իր ելույթում նշեց, որ Հայաստանը կարելի է համարել գրի եւ գրականության երկիր եւ տեղեկացրեց, որ այս տարի Ֆրանսիայում անց են կացվելու հայկական մշակութային օրեր` «Գիր, քար եւ խաչ» խորագրով.«Հայաստանը լիովին այս երեք խոհրդանիշերի կրողն է»:Միջոցառման ժամանակ ՀՀ Ազգային գրադարանին պատվոգրեր հանձնեցին ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Պետական Կոնսերվատորիայի կողմից: