Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԵՑԻԿ Է ԵՐԵՎԱՆԸ...

Հասարակություն

«Երեւանի այսօրվա տեսքի համար պարտական ենք Նարեկ Սարգսյանին՝ նրա առաջադիմական մտածելակերպին»: Սա Երեւանի քաղաքապետ, իր իսկ ասելով ավանդապահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունն է:

Քաղաքապետը այսպես է պատասխանում Երեւանի քաղաքաշինական եւ ճարտարապետական իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Ճարտարապետների միության հայտարարությանը: Այն հասցեագրվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Հայտարարության մեջ ճարտարապետները իրենց մտահոգությունն են հայտնել ապօրինի շինարարությունների` մասնավորապես Օպերայի շենքի եւ Կարապի լճի, Օղակաձեւ այգու, Հյուսիսային պողոտայի եւ Զանգվի ձորի շրջակայքում իրականացվող շինարարությունների մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ կառույցները ոչ մի առնչություն չունեն պրոֆեսիոնալիզմի եւ կանոնակարգված գործընթացի հետ:«Այս ամենը տեղի է ունենում թելադրանքի եւ պատասխանատու կազմակերպությունների «լռակյաց» համաձայնությամբ», գտնում են ճարտարապետները:
Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել էր Ռոբերտ Նազարյանին քննարկել ճարտարապետների մտահոգությունները:

Այսօր, կարելի է ասել, խաղաղ զրույց տեղի ունեցավ քաղաքապետարանում, ուր հրավիրվել էին Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամները եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Վարչության անդամներից յուրաքանչյուրն իր ելույթը սկսում էր «ես անձնական շահ չունեմ, իմ քաղաքի մասին եմ մտածում» նախադասությամբ, այնուհետեւ Օպերայի շենք, Զանգվի ձոր եւ այլն: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային, այն ըստ ճարտարապետների կառուցվել է քողարկված ձեւով, չի քննարկվել նրա նախագիծը ոչ քաղաքաշինության վարչությունում, ոչ էլ Ճարտարապետների միությունում:

Վարչության անդամներից Լեւոն Իգիթյանը ի վերջո չդիմանալով բացականչեց. «Թե ինչի մասին մենք այստեղ խոսում ենք, գիտի ցանկացած նորավարտ ճարտարապետ, պատճառն ուրիշ տեղ պիտի փնտրել»:

Իրավիճակը փրկեց քաղաքապետը՝ ձայն տալով Նարեկ Սարգսյանին: Նա ասաց, որ չի հավատում իր գործընկերների խոսքերի անկեղծությանը եւ որ նստածներից ոմանք հեղինակներ են բազմաթիվ ծրագրերի իրականացմանը: Երեւանի գլխավոր ճարտարապետը վիրավորված է նրանցից հայտարարությունը մամուլով տարածելու համար, հատկապես իր համար ցավոտ Հյուսիսային պողոտայի վերաբերյալ, չէ որ ինքը խնդրել էր նրանց գոնե այդ մասին չխոսել եւ թույլ տալ իրեն հանգիստ կառուցել այդ փողոցը: