Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ՄԻԱՅՆ ԱՄՆ ՄԱՍԻՆ

Մշակույթ

Այսօրվանից Հայաստանում կսկսի գործել թվով երկրորդ ամերիկյան կենտրոնը, որի բացումը տեղի ունեցավ այսօր Հայաստանի գիտատեխնիկական կենտրոնի Գյումրու մասնաճյուղում:

Ամերիկյան կենտրոններն իրենցից ներկայացնում են փոքրիկ, ամերիկյան ոճի գրադարաններ, որ ձեւավորվում են ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ: Գրադարանների նպատակն է նպաստել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը` Ամերիկայի մասին պատմող տպագիր ու էլեկտրոնային տեղեկությունների աղբյուրներ ապահովելու ճանապարհով:

Ամերիկյան կենտրոններն ունեն բազմազան անգլիալեզու գրականություն, հանրամատչելի տեղեկատու նյութեր Միացյալ Նահանգների մասին, ինտերնետային կապով համակարգիչներ օն-լայն տվյալների շտեմարաններից օգտվելու համար, լազերային սկավառակներ ու տեսաերիզներ:

Այս ծրագրով ԱՄՆ դեսպանատունը Գյումրու ամերիկյան կենտրոնին է տրամադրել երեք համակարգիչ, շուրջ 300 գիրք, եւ այլ տպագիր ու էլեկտրոնային տեղեկատու նյութեր: Բացի բազմազան տեղեկատու նյութերի ապահովումից` կենտրոնն իր հարկի տակ կհյուրընկալի նաեւ դասախոսություններ, սեմինարներ, տեսաշարերի ցուցադրում եւ այլ միջոցառումներ:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում առաջին ամերիկյան կենտրոնը բացել է այս տարվա ապրիլին Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Նախատեսվում է առաջիկա տարիներին Հայաստանում ձեւավորել Ամերիկյան կենտրոնների ցանց: