Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-Ն ՖԻՖԱ-Ի ՀԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

Սպորտ

Աշխատանքային այցով Երեւան է ժամանել ՖԻՖԱ-ի հատուկ անձնակազմը, որն այսօր կավարտի Հայաստանում ֆուտբոլը զարգացնելուն նվիրված սեմինարը: ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն ունի բոլոր հնարավորությունները ՖԻՖԱ-ի հետ արդյունավետ համագործակցելու համար, իսկ այս սեմինարի նպատակն էր համատեղ ծրագիր մշակել առաջիկա 5 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը զարգացնելու նպատակով:

Ծրագիրը ՀՖՖ-ն ինքն է ներկայացնում, որը համաձայնեցվում է ՖԻՖԱ-ի կողմից եւ սկսվում է ֆինանսավորում տվյալ նախագծում հատուկ «Գոլ» ծրագրով, որը գործում է 1995թ.-ից: ԱՊՀ-ում ՖԻՖԱ-ի գլխավոր ներկայացուցիչ Վալերի Չուխրին ասաց, որ զարգացման այս ծրագիրն ունի հիմնականում 3 ուղղվածություն. մանկապատանեկան եւ կանանց ֆուտբոլ, ինչպես նաեւ ֆուտզալ: «Կլինեն նաեւ ներդրումներ այլ ոլորտներում, մասնավորապես մրցավարության համար, ինչը շատ կարեւոր է»,- ասաց Չուխրին:

Ծրագիրը, որն ամբողջությամբ պատրաստ կլինի շուրջ մեկ շաբաթից, կներկայացվի նաեւ կառավարությանը, քանի որ այնտեղ շոշափվել են գլոբալ հարցեր: Չուխրին մեծ կարեւորություն է տալիս նաեւ կառավարության հետ համագործակցությանը. «Պետությունը պետք է օգնի ֆուտբոլին, որպեսզի հաջողություն լինի: Կարելի է օրինակ արտոնություն տալ ֆուտբոլային կառույցներին` հանել հարկերը կամ ֆինանսապես աջակցել: Ազգային հավաքականը արտացոլում է երկրի ֆուտբոլային պատկերը եւ դա ֆեդերացիայինը չէ: Եթե կա տնտեսապես հզոր պետություն, որը աջակցում է ֆուտբոլին, ապա կլինի նաեւ ուժեղ հավաքական»:

Վերջում լրագրողները հնարավորություն ունեցան դիտել, թե ՖԻՖԱ-ն այս ծրագրով ինչ աշխատանքներ է կատարել ԱՊՀ եւ Մերձբալթյան հանրապետություններում: «Գոլ» ծրագրով հիմնականում կառուցվել էին արհեստական խաղադաշտեր, որոնք հնարավորություն են տալիս մարզվել եւ հանդիպումներ անցկացնել ողջ տարին: Ոմանք էլ այս ծրագրով ֆեդերացիայի շենք էին կառուցել: Հայաստանում, ինչպես հայտնի է, 2 տարի առաջ շահագործման հանձնվեց ներկայումս «Բանանց» ակումբին պատկանող «Մալաթիայի» մարզադպրոցը: