Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սպորտ

Ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը: 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց եւ այժմ մեր 2 շախմատիստուհիները 7-ական միավոր ունեն, իսկ առաջատար 4 մասնակիցները վաստակել են 7.5-ական միավոր: 11-րդ տուրում Լիլիթի մրցակիցը կլինի վրացուհի Մակա Պուրտսելաձեն, իսկ Էլինան կհանդիպի Տատյանա Վասիլեւիչի հետ:

Տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները, որի ընթացքում մեր շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Նալբանդյանը: Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին: Պարտություն կրեց միայն Աշոտ Անաստասյանը:

Մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով գլխավորում են միանգամից 10 շախմատիստներ: Հայ գրոսմայստերներից լավագույն արդյունք ունեն Լեւոն Արոնյանը, Արտաշես Մինասյանը եւ Կարեն Ասրյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր:

5-րդ տուրում Արտաշես Մինասյանը կհանդիպի մրցաշարի ֆավորիտներից մեկի` Վասիլի Իվանչուկի հետ: Լեւոն Արոնյանի մրցակիցն էլ կլինի Ալեքսանդր Հուսմանը: