Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԼՈՒԾԵԼ

Մարզեր

Շիրակի մարզում կառավարության հովանավորած բնակարանի գնման վկայագրերի բաշխումը դեռ չի սկսվել։ Չնայած արդեն հայտնի են վկայագրերի անվանական արժեքները, սակայն նկատի ունենալով անշարժ գույքի շուկայում ձեւավորված գներն ու վկայագրի արժեքին համապատասխան բնակարան գտնելու դժվարությունը, դժվար չէ կռահել, թե ծրագրի իրականացման գործում ավելորդ հապաղելն ինչի կհանգեցնի։

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանն ասում է, որ եթե մինչեւ տարեվերջ ծրագրի շրջանակում հատկացված 1 մլրդ դրամը չհաջողվի իրացնել, ապա դա ինքնին լուրջ խնդիր է։ Նրա հավաստմամբ, նախքան ծրագիրը սկսելը, անհրաժեշտություն էր առաջացել կրկնակի ստուգել անօթեւանների ցուցակը։ Բացի այդ, կառավարության որոշ որոշումների վերանայման եւ հոգուտ շահառուների փոփոխման կարիք կար։

Թեեւ նոր վկայագրերի միջին արժեքը 20 տոկոսով ավելացել է, բայց արդեն իսկ պարզ է, որ ծրագրի շահառուն բնակարան գնելու համար ստիպված կլինի սեփական խնայողության հաշվին, պարտք անելու կամ, այսպես ասած, «տոկոսի տակ» մտնելու գնով լրացուցիչ ներդրման խնդիր լուծել: Իսկ լավագույն դեպքում՝ սպասել։

Արտաշես Սարգսյանը վստահեցնում է, որ ծրագիրը ձախողված չէ։ Սակայն ընթացիկ թվերն էլ պակաս խոսուն չեն։ «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները տեղեկացնում են, որ ծրագրի մասին ծանուցված մոտ 1600 ընտանիքից առայժմ դրանից օգտվելու ցանկություն է հայտնել 129-ը՝ 10 տոկոսից էլ պակաս։ 300 ընտանիք հրաժարվել է մասնակցել ծրագրին։ Մնացածներն էլ հավանաբար դեռ չեն կողմնորոշվել։