Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ. «ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԲԽՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ»

Քաղաքականություն

Սա ցլամարտ չէ, այլ պայքար հանուն օրինականության Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության նպատակով ներկայացված հիմքերը լիովին բավարար են սահմանադրական ճանապարհով նրանից ազատվելու համար, - այսօր հայտարարեցին ընդդիմադիր 13 կուսակցությունների ներկայացուցիչները: Հարցը ԱԺ-ի օրակարգում է եւ պետք է քննարկվի արտահերթ,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը եւ հարցը ներկայացրեց օրենսդրության տեսանկյունից: Կանոնակարգի բոլոր կետերով պրն Բազեյանը ապացուցեց, որ հարցը ԱԺի օրակարգում օրինական է եւ դրա բոյկոտումը իշխանամետ պատգամավորների կողմից կնշանակի դավաճանություն: Իսկ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ իշխանությունը հավերժ չէ եւ այսօր այս հարցի քննարկմանը խոչընդոտող պատգամավորները պատասխան են տալու օրենքի առջեւ, որովհետեւ իրենք եւս սպառնում են մեր երկրի անվտանգությանը: «Իրենք էլ են մեղավոր, որ չեն ուզում բացահայտել ապօրինությունը եւ պիտի գիտակցեն, որ պատասխան են տալու ժողովրդի եւ օրենքի առջեւ», - ասաց Ստեփան Զաքարյանը:

Ընդդիմադիրները արձանագրեցին, որ իշխանությունները վախեցած են պաշտոնանկության հարցի քննարկումից, որովհետեւ դրան հետեւելու է փակ գաղտնի քվեարկություն, այստեղ պատգամավորը մնում է իր խղճի հետ: Իսկ իշխանությունները համոզված չեն, որ այսպես ասած իշխանամետ պատգամավորները դեմ չեն լինի պաշտոնանկությանը:

Ռոբերտ Քոչարյանը բազմիցս խախտել է սահմանադրությունը` ընտրվելու իսկ պահից: Սակայն սա մեր երկրում որեւէ նշանակություն չունի,ասում է Արշակ Սադոյանը,- կարող են խաչ քաշել օրենքի վրա էլ, սահմանադրության վրա էլ: Ի վերջո, ամեն ինչ եւ նույնիսկ պաշտոնանկության պրոցեսը ղեկավարվելու է նախագահի նստավայրից: Այնուամենայնիվ, ընդդիմությունը հույս ունի ԱԺ ում հասնել հարցի քննարկմանը, ինչն ավելի է կարեւորում, քան ՍԴ-ի եզրակացությունը: Իսկ ՀԺԿ անդամ,պատգամավոր Արամայիս Բարսեղյանը հայտարարեց, որ հոկտ.27 ի կազմակերպիչը Ռ. Քոչարյանն է:«Դա երեւում է նաեւ իր հոկտ.27 ին հետեւած գործողություններից:Երբ ամեն ինչ տեսնում է ու ցուցում չի տալիս»: Նրան լրացնում է Ստեփան Զաքարյանը. «Եթե դատախազը խախտումներ է անում, մարդկանց է ձերբակալում, հետո հանկարծ հայտարարում, որ անմեղ են, եւ նախագահը դրան գնահատական չի տալիս, նշանակում է նախագահը թքած ունի հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման վրա», - ասաց նա:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին , որ հունիսի 10-ին ԱԺ ի շենքի մոտ կհավաքվի հասարակությունը եւ կպահանջի պատգամվորներից քննարկել պաշտոնանկության հարցը:Իսկ դահլիճում կարող է ընդդիմադիր պատգամավորը գրավել ամբիոնը եւ խանգարել նիստի ընթացքին , եթե իմպիչմենտի հարցը ապօրինաբար չմտցնեն օրակարգ: Իսկ եթե հունիսի 10-12 Ազգային ժողովի եռօրյա նիստերի ընթացքում չքննարկվի պաշտոնանկության հարցը, ընդդիմությանը եւ ժողովրդին այլ բան չի մնա, քան հայտարարել համաժողովրդական անհնազանդություն կամ ապստամբություն անել:

«Սա ցլամարտ չէ. մեր պայքարը բխում է սահմանադրությունից եւ օրենքներից,- եզրափակեց Ալբերտ Բազեյանը: