Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԻՐԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՋԵՄ

Մշակույթ

Անցյալ տարվա ծիրանն այս տարի դարձավ ջեմ եւ այն քսեցին հացի վրա՝ երկու թվանշանի նման: Այս պատկերն է լինելու «Ոսկե Ծիրան» երկրորդ միջազգային փառատոնի տարբերանիշի վրա: Փառատոնի կազմակերպիչները որոշել են, որ միջոցառման բոլոր մասնակիցներն ու հյուրերը՝ փառատոնի օրերին իրենց օրը սկսելու են ծիրանից՝ համտեսելով ծիրանի հյութ եւ ծիրանի ջեմ:

«Ամենահամեղ ուտեստը մատուցելու ենք մեր հանդիսատեսին»,- ասում է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, որն իր խոսքը ամեն դեպքում սկսեց հայկական կինոյի մասին խոսելուց. «Հայ կինոն կա: Կինո նկարահանվում է քիչ, բայց նկարահանվում է»: Ռեժիսորը հիշեցրեց, որ աշխարհում հայտնի են հայ կինոյի վարպետները՝ Փարաջանովը, Փելեշյանը եւ այլոք: Իսկ նրա խոսքերը շարունակեց Ռաֆայել Քոթանջյանը. «Թող մեր նկարահանված կինոն տեխնիկապես թույլ է, թող տեսաժապավենը լավը չէ, բայց մեջը կա մի բան, որն անկրկնելի է: Դա ոգին է: Ես հպարտանում եմ մեր կինոյով»:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ազդարարվեց «Ոսկե Ծիրան» փառատոնի մեկնարկի մասին: Նախապատրաստական աշխատանքները տեւում են շատ երկար, իսկ բուն փառատոնն անցկացվելու է հուլիսի 12-17-ը: Այս տարվա փառատոնի նշանաբանն է՝ «Հայաստանը՝ քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Իսկ որպեսզի փառատոնը համապատասխանի իր նշանաբանին ու «միջազգային» անվանմանը` կազմակերպիչների կողմից, ըստ նրանց, ստեղծվել են բոլոր պայմանները:

Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի կրկնապատկվել է հայտերի թիվը: Փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել 45 երկրի ստեղծագործողներ: Ներկայացված շուրջ 300 հայտերից ընտրվել է ընդամենը 140 ֆիլմ: Միջազգային չափանիշներին համապատասխանում է ոչ միայն այն, որ ներկայացվող ֆիլմերը պատմելու են Չիլիի, Նիկարագուայի, Մալազիայի, Թուրքիայի, Լիբանանի, Ռուսաստանի եւ այլ երկրների մասին: Փառատոնին հրավիրված երեք տասնյակին հասնող պատվավոր հյուրերի կազմում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են լատվիացի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, Ռուսաստանի Պետկինայի ղեկավար Սերգեյ Լազարուկը, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, Ուկրաինայից կինոռեժիսոր Ռոման Բալայանը, կինոքննադատներ եւ լրագրողներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Լատվիայից, Արգենտինայից, Վրաստանից եւ ամերիկյան «Տրիբեքա» փառատոնի տնօրենն ու կոորդինատորը:

«Ոսկե Ծիրան» այս տարվա փառատոնում լինելու է երեք մրցութային ծրագիր՝ իր առանձին՝ երեք ժյուրիներով: Խաղարկային ֆիլմերի մրցույթում 13 երկրներից ֆիլմերը գնահատելու է կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի գլխավորած ժյուրին: Վավերագրական ֆիլմերի մրցույթում մասնակցող 13 երկրներից ներկայացված ֆիլմերը կգնահատի հայաստանցի կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի գլխավորած ժյուրին: Իսկ «Հայկական համայնապատկեր» մրցույթում ներկայացվող հայազգի կինեմատոգրաֆիստների ստեղծած խաղարկային, վավեգրագրական եւ մուլտիպլիկացիոն 31 ֆիլմը կգնահատի Հայաստանից կինոգետ Գագեգին Զաքոյանի գլխավորած ժյուրին:

Ի դեպ, կինոփառատոնի 5 օրվա ընթացքում նախատեսվում են բազմաթիվ այլ միջոցառումներ եւս: Օրինակ՝ տարբեր երկրների կինոարվեստի օրեր, տարբեր հանդիպումներ, մաստեր-կլասեր, միջազգային սեմինար եւ այլն:

Կինոփառատոնի կազմակերպիչների ցանկությունն ու սպասելիքներից մեկն էլ այն է, որ միջոցառման արդյունքում հայ հանդիսատեսը կվերանայի իր ճաշակը, որը ձեւավորվել էր վերջին տարիներին հաճախակի ցուցադրվող վիդեո, շոու եւ կոմերցիոն ֆիլմերի շնորհիվ: