Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՐՈԿԿՈ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

«Բարոկկոյի մեջ խաղ կա, կյանք կա, այդ պատճառով այն ընկալելի եւ սիրելի է բոլորի համար»,- այսօր Ժուռնալիստների միությանը կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց կոնտր-տենոր Կարեն Հակոբյանը:

Հունիսի 21-ից հուլիսի 8-ը Երեւանում առաջին անգամ անցկացվելու է «Բարոկկո» երաժշտական փառատոնը: Տեղի կունենա 9 համերգ՝ 6-ը կամերային երաժշտության տանը, 2-ը՝ Նարեկացի մշակույթային կենտրոնում, 1-ը՝ Սպենդիարովի անվան դպրոցում: Տոմսի արժեքն է 500-1000 դրամ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Թալալյանը կարծում է. «Եթե ժողովուրդը կարող է սրճարաններ այցելել, կարող է նաեւ մեկ օր իրեն թույլ տալ համերգ գալ»:

Գեղարվեստական ղեկավարը փառատոնի անցկացման երկու նպատակ կարեւորեց. «Առաջին նպատակն է հանդիսատեսին ծանոթացնել երաժշտության հետ, իսկ երկրորդը՝ երիտասարդ երաժիշտների համար ստեղծել հնարավորություն՝ ելույթ ունենալու լավագույն բեմերում»: Փառատոնին մասնակցելու է նաեւ սոպրանո Աննա Մայիլյանը: Վերջինս գտնում է. «Փայլուն գաղափար է փառատոնի գաղափարը: Զուգահեռներ կան միջնադարյան ստեղծագործությունների եւ բարոկկո ոճի միջեւ: Քանի որ հայ ժողովուրդը ունի փայլուն միջնադար, նրա համար ընդունելի կլինի նաեւ բարոկկո ոճը»:

Ֆինանսների սղության պատճառով համերգներն անց են կացվելու միայն Երեւանում: «Ուղղակի դժբախտություն է միայն Երեւանում կենտրոնանալը: Մենք չունենք ոչ նավթ, ոչ այլ հարստություն, ունենք արվեստի հզոր բանակ»,- ասում է Աննա Մայիլյանը: Ի դեպ, բարոկկո տերմինը թարգմանաբար նշանակում է անմշակ մարգարտահատիկ: Այն առաջացել է Եվրոպայում 19-20-րդ դարերում եւ տարածում գտել 1919-20-ական թվականներին: