Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մշակույթ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ԱՄՆ-ում այցելեց Գլենդեյլի քաղաքային վարչություն, ուր հանդիպում ունեցավ Լոս Անջելեսի շրջանի 12 հայկական դպրոցների ավելի քան 1000 ուսանողների, նրանց տնօրենների եւ ուսուցիչների հետ։

Դիմելով երիտասարդներին՝ Նորին Սրբությունն իր մեծ ուրախությունը հայտնեց միջոցառմանը ներկա գտնվելու եւ երիտասարդներով շրջապատված լինելու համար։ Նա երիտասարդներին կոչ արեց կենդանի պահել հայոց լեզուն ու սերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ։

Հանդիպման ընթացքում ընթերցվեց նաեւ Նորին Սրբության Հայրապետական Սրբատառ Կոնդակը, որով Հայ Եկեղեցու «Ս. Սահակ- Ս. Մեսրոպ» շքանշանով էր պարգեւատրվում բանաստեղծ Ժակ Հակոբյանը։ Շքանշանը բանաստեղծին հանձնեց Վեհափառ Հայրապետը։ Ի դեպ, ԱՄՆ Արեւմտյան թեմ Հայրապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն արդեն իր չորրորդ հանդիպումը երիտասարդության հետ ունեցավ նույն օրը Բըրբենքի միջնակարգ դպրոցի դահլիճում։ Այստեղ Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ստացան Բըրբենքի հայ վարժարանների ուսանողները։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ականատես ենք եղել այն փոքր Հայաստանին, որ արդեն կառուցել եք այստեղ։ Հայաստանը ձեր երգի ու պարի, ասմունքի ու աղոթքների մեջ է։ Մեր հոգին ցնծում է այդ եռանդը տեսնելիս։ Թող որ Աստված օրհնի ու պահպանի ձեզ»,- իր օրհնությունը երիտասարդներին տվեց Վեհափառ Հայրապետը։