Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Մշակույթ

Ազգային առաջնորդության ինստիտուտի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել անվանի երաժիշտներ Ջեյն Թորնգրենը` սոպրանո, Ալեքս Ռասելը` ջութակ, Դոնովան Գրեյը` շեփոր եւ Դուեյն Ֆանդերբերկը` դաշնամուր: Արամ Խաչատրյանի համերգասրահում հունիսի 10-ին տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած երաժիշտների եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը:

Այսօր Ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ ամերիկացի երաժիշտների մամլո ասուլիսը: Երաժիշտների խոսքերով, իրենք առաջին անգամը չէ, որ այցելում են Հայաստան եւ ամեն անգամ համոզվում են, որ հայերը ուրախ, կյանքով լի ժողովուրդ են.«Հայ հանդիսատեսը շատ լավ է ընկալում եւ գնահատում դասական երաժշտությունը, եւ մենք համերգների ժամանակ մեզ անկաշկանդ ենք զգում»:

Շեփորահար Գրեյ Դոնովանի խոսքերով, ԱՄՆ-ի երիտասարդությունը հաճախակի չի լսում դասական երաժշտություն եւ նախընտրում է դիտել կինոնկարներ, չնայած նրան, որ ԱՄՆ-ում մշակվել է հատուկ ուսումնական ծրագիր` ամերիկացիներին մանկուց սերմանել սերը դասական երաժշտության նկատմամբ: Նրա խոսքերով, հայկական երաժշտական գործիքներից սիրում է դուդուկը, իսկ սոպրանո Ջեյն Թորնգրենի խոսքերով, ինքը կցանկանար սովորել որեւիցե հայկական ժաղովրդական պար:

Համերգային ծրագրում ընդգրկված կլինեն Գերշվինի, Մենդելսոնի, Պուչինիի ստեղծագործությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եկեղեցական հիմները: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրին: