Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ

Մարզեր

Հունիսի 3-ի լույս 4-ի գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում: Գիշերը ժամը 3-ից 3-ն անց 30 րոպեի սահմանում վթար է տեղի ունեցել Վարդաքարի ջրամբարում՝ պատճառ դառնալով ջրի որոշակի արտահոսքի: Ժամը 4-ի սահմանում տրվել է տագնապի ահազանգ:

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային վարչության եւ ջրամբարին հարակից համայնքների համատեղ ջանքերով վտանգը չեզոքացվել է: Դեպքի մասին տեղյակ են հանրապետության նախագահը եւ վարչապետը: Դեպքի վայր են ժամանել տարածքային կառավարման նախարարը, Արտակարգ Իռավիճակներին վարչության պետը, ջրային տնտեսույան պետական կոմիտեի ղեկավարը: Արտակարգ իրավիճակների վարչության, ներքին գործերի եւ 4 գյուղական համայնքների համատեղ ջանքերով, մարդկանց տարհանմանը զուգահեռ, իրականացվել է վտանգի կանխարգելում: Վթարված հատվածում հող եւ քար է լցվել՝ ջրի դեմն առնելու համար: Միաժամանակ ջրամբարում ջրի ճնշումը թուլացնելու նպատակով ոռոգման ջրթող համակարգով ջուր է բաց թողնվում: Մոտ 5 մլն խորանարդ մետր ջրատարողունակության ջրամբարում նախքան վթարը 3,5 մլն խորանարդ մետր ջուր է եղել:

Հատկանշական է, որ Վարդաքարի ջրամբարի վրա 2003-2004թթ.-ին նորոգման աշխատանք է կատարվել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը, ով նպատակահարմար չհամարեց դեպքի վայրում մեկնաբանել, թե ինչպես կարող է վերջերս նորոգված կառույցը փլուզվել, եւ պարտավորվեց մեկնաբանություն տալ առաջիկայում, ասաց միայն, որ նորոգումը չի առնչվել վթարված հատվածին: Հիմնական նորոգումն այն ժամանակ, ըստ Անդրանիկ Անդրեասյանի, իրականացվել է ջրամբարի առավել վթարված հատվածներում եւ աղետազերծ ջրթող համակարգում, եւ որ հարկ չկա որեւէ պատճառահետեւանք փնտրել: Շիրակի մարզպետի տեղեկացմամբ, վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովն առաջիկայում կներկայացնի եզրակացություն: Իսկ ոռոգման սեզոնին Վարդաքարի ջրամբարից սնվող գյուղերն, ըստ մարզպետի, ջրի պակաս չեն ունենա: