Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ԱՌԱՆՑ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ

Քաղաքականություն

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն այսօր ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում բացահայտեց, թե ինչպես Հայաստանում կարելի է կիրառել մահապատիժն առանց վտանգելու մեր երկրի անդամակցությունը Եվրախորհրդին:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի ընդունվելիք քրեական օրենսգրքում պետք է ամրագրել հետեւյալ դրույթները. «մահապատժի վերացման վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, սա 27-ի վրա տարածվում է, տեռորիստական ակտ, սա նույնպես տարածվում է եւ մանկահասակ աղջկա բռնաբարություն»:

Հաջորդ դրույթն, ըստ պարոն Դալլաքյանի, մահապատժի վերաբերյալ մեր դիրքորոշումը դարձնում է անխոցելի. «Օրենսգրքում գրված է, որ սույն օրենսգիրքը ընդունվում է առանձին օրենքով ՀՀ քրեական օրենսգրիրքը գործողության մեջ դնելու մասին»: Պարոն Դալլաքյանը այս դրույթներով բավականին ծանր իրավիճակի մեջ է դրել մահապատժի հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին. «Սահմանադրության 55 հոդվածի 17-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը կարող է ներում շնորհել դատապարտյալներին, մենք քրեական օրենսգրքով արգելել ենք, որ նախագահը ների հանցագործներին, ինչպես նաեւ՝ համաների»:

Պարոն Դալաքյանին չի վախեցնում մահապատժի արգելման եվրոպական կոնվեցիայի 6-րդ արձանագրությունը, ըստ որի «Պետությունը կարող է իր օրենսդրության մեջ մահապատիժ նախատեսել միայն պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարած գործողության համար»: Ազգային Ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահն այսօր տեղեկացրեց, որ Եվրախորհրդի 44 երկրից 36-ն արդեն ստորագրել են այս վերապահումների վերացման փաստաթղթի տակ, այսինքն մահապատիժը կարող է կիրառվել առանց վերապահումների: Մինչ այդ Վիկտոր Դալլաքյանը պետք է հանդես գա հետեւյալ առաքելությամբ. «Հայաստանի Հանրապետությունում, -կոնկրետ ես դա պարտավորվում են անել, - պետք է լինի օրենք մահապատժի կիրառման մասին»: