Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՋԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Հասարակություն

«Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» այսօրվա սեմինարն առաջինն էր հիմնադրամի գործունեության մեջ: Ահա թե ինչպիսի զրույց ծավալվեց Ա1+ եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների փաստաբան Տիգրան Տեր Եսայանի, ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի եւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի միջեւ:

Տիգրան Տեր Եսայան.Հեռարձակման լիցենզավորման գլխի 62-րդ հոդվածում ասվում է, որ «Հանձնաժողովի նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ տեղեկացված դիմողի չներկայանալը դիմումը քննարկելու եւ որոշում ընդունելու համար արգելք չէ»: Իսկ լիցենզավորման մրցույթի ընթացակարգի 13-րդ կետում ասվում է, որ «նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում»:

Արա Սաղաթելյան. Փաստարկները, որ բերում է Տիգրան Տեր Եսայանը, կարելի էր նկատել ապրիլի 2-ի հաճախականությունների մրցույթից առաջ:

Արամ Աբրահամյան.Պարոն Սաղաթելյան, խոսքը ոչ թե օրենքի թերությունների մասին է, այլ օրենքի կիրառման:

Սեմինարի ընդմիջմանը Տիգրան Տեր-Եսայանը նկատեց. «Ընդունենք թե այդ թերությունները բացահայտվել են ապրիլի 2-ի մրցույթից հետո: Մայիսի կեսերին հայտարարված 21-րդ հաճախականության մրցույթը դարձյալ անցկացվում է նույն թերություններով»: Ըստ փաստաբանի, մրցույթից առաջ թերություններից խոսելը հեռուստաընկերությունների խնդիրը չէ, հանձնաժողովում կա 9 մարդ, որոնք պետբյուջեից գումար են ստանում այդ մրցույթների անցկացման համար: Ի դեպ, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ մրցույթից առաջ ինքը հանձնաժողովին առաջարկել էր «լիցենզավորման մրցույթի պայմանները եւ առաջարկները» գլխի 8-րդ կետի բ-ն՝ «Մրցույթի պայմանները կարող են պարունակել պահանջներ հեռուստառադիոծրագրերի թեմատիկայի եւ ուղղվածության, հեռուստառադիոծրագրերի արտադրության եւ հեռարձակման տեխնիկական չափանիշների ու ստանդարտների, ներդրումային եւ զարգացման ծրագրերի մասին» դրույթները փոխել «Մրցույթի պայմանները չեն կարող պարունակել պահանջներ հեռուստառադիոծրագրերի թեմատիկայի եւ ուղղվածության, հեռուստառադիոծրագրերի արտադրության եւ հեռարձակման տեխնիկական չափանիշների ու ստանդարտների, ներդրումային եւ զարգացման ծրագրերի մասին»:
Ըստ Տիգրան Հարությունյանի, հանձնաժողովն այդպես էլ չընդունեց իր առաջարկը եւ այսուհետ հնարավորություն ունի իր պայմաններն առաջադրել հեռուստառադիոընկերություններին: