Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՌՈՄԵԱԿԱՆ ՌԱԶՄԻԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

Երեւանում ցուցադրվեցին Գաֆեսճյան հավաքածուում ընդգրկված արվեստի 7 նոր գործեր՝ Բոթերոյի «Հռոմեական ռազմիկը», Լին Չեդվիքի «Աստիճանները», «Երկու դիտորդները», «Նստած ֆորմաները», Բերրի Ֆլենըգընի «Նապաստակը զանգի վրան», «Ակրոբատները», Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավ Բրիխտովայի «Բաց պատուհանը»:

Առայժմ դրանք գտնվում են Կասկադի վերեւում գտնվող Հայաստանի Պետականության Հուշարձանի բարձրահարթակում, բայց դա նրանց վերջնական տեղը չէ. քանդակները տեղափոխվելու են Կասկադի ստորին հատված: Այսօր լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացրեց Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար Մադլեն Մինասյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ապակեպատ թանգարան է կառուցվելու Կասկադում: Նախագիծը դիտարկում է թանգարանի հիմնական կառույցը որպես բանուկ անցուղին եզրափակող Կասկադի ընդարձակում, որն արտաքին աստիճաններով եւ ներքին շարժասանդուղքներով իրար է կապելու Թամանյան պուրակը եւ Մոնումենտը:

Մադլեն Մինասյանի հավաստմամբ՝ Հայաստան է տեղափոխվելու Գաֆեսճյան ողջ հավաքածուն, որը ավելի քան 100 քանդակներ է պարունակում: Դրանք տեղակայվելու են այդ նորակառույց թանգարանում: Թանգարանի շենքը կընդգրկի հանրային հանգստավայրեր, դեկորատիվ ավազան, քանդակների այգիներ, սրճարան եւ արտաքին կինոթատրոն: Այդ բոլորը բաց կլինեն ինչպես անցորդների, այնպես էլ Թանգարանի այցելուների համար:

Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի գործադիր տնօրեն Էդվարդ Բալասանյանը նշեց, որ թանգարանը պատրաստ կլինի 2007թ. «Շատ ծանր է, բայց մենք սովոր ենք: Եթե խոսք ենք տվել, ապա կանենք»:

Ի դեպ, այսօր ժամը 18:30-ին երեխաների պաշտպանության օրվա առթիվ Կասկադի առաջ երեխաներին նվիրված համերգ-միջոցառում է լինելու, իսկ վերջում` հրավառություն: