Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԶԳԱԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿ Է ՆԵՐԿՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարզեր

Վրաստանից պարարտանյութ չներկրելու պատճառով Շիրակ մարզում ազոտական պարարտանյութի պակաս էր նկատվում: Ըստ մարզպետարանի գյուղվարչությունից ստացված տվյալների, այսօր պարարտանյութի զգալի քանակություն է բերվել Գյումրի,- այս մասին տեղեկացնում են Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները:

Պարարտանյութը առաջիկա 2 օրերի ընթացքում կբաժանվի գյուղացիական տնտեսություններին եւ ֆերմերներին: Սակայն ի դժբախտություն գյուղացիների, պարարտանյութը հատկացվելու է ոչ թե անվճար , այլ կոմերցիոն կարգով՝ մեկ պարկը 3 հազար 900 դրամով: Ինչպես հավաստում է մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, ազոտական պարարտանյութի պահանջարկ նկատվում է հատկապես ցրտահարությունից տուժած համայնքներում: Նշենք, որ մարտ ամսին Շիրակի մարզում տեղի ունեցած ցրտահարությունից տուժել է 25 համայնք, հիմնականում Անիի, Արթիկի եւ Ախուրյանի տարածաշրջաններից: Մոտ 2500 հա աշնանացան ցորեն վնասվել է 50-60 տոկոսով: Ցրտահարությունից զերծ են մնացել բարձրադիր գոտիների ցանքատարածությունները: Մասնագետների խոսքերով, 70-100 տոկոսով վնասված ցանքատարածություններում արդեն կատարվել է վերացանք՝ գարնանացան ցորենի եւ գարու տեսքով: Այս տարի Շիրակի մարզի ցանքատարածություններին հասցրել է վնաս պատճառել նաեւ կարկտահարությունը: Մի քանի օր առաջ տեղացած կարկուտը 50-60 տոկոսով վնասել էր Ջաջուռ եւ Շիրակ համայնքների հացահատիկային մշակաբույսերը: Վնասի ափերն արդեն ճշտվել են, եւ համապատասխան արձանագրությունը ուղարկվել է գյուղնախարարություն: