Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ը «ՎԱՏ ԼՈՒՐԵՐԻ» ԱԼԻՔ ԷՐ

Հասարակություն

«Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» այսօրվա սեմինարին հրավիրված կառավարության անդամներից ներկայացել էր միայն արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթեյանը:

Սեմինարի հիմնական թեման էր «Ա1+»-ին անօրինական ճանապարհով եթերից զրկելու փաստը, իսկ բոլոր դիտողություններն ու մեղադրանքներն ուղղված էին կաեռավարության միակ ներկայացուցչին: Պարոն Սաղաթելյանը իր խոսքում «Ա1+»-ի ուղղվածության վերաբերյալ մի հետաքրքիր ձեւակերպում տվեց, նախապես նշելով, որ ինքն արդարադատության նախարարության տեսակետն է հայտնում . «Հանրապետությունում պետք էր բացասական էմոցիաներ արտահայտող լեգալ աղբյուրներ»:

Սեմինարի մասնակիցները, որոնք գտնում են, որ ինֆորմացիան դրական կամ բացասական չի լինում, նկատեցին, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնում է երկրի ղեկավարության տեսակետը: Այս տեսակետը հայտնի է բոլորին եւ այս հանգամանքը հաշվի առնելով , «Շառմ» ընկերությունը իր ծրագրի մեջ իշխանություններին բարի լուրեր է խոստացել:

Քննարկումների ընթացքում, Հայաստանում խոսքի ազատությունն ոտնահարելու համար, բացի կառավարությունից եւ նախագահից քննադատության ենթարկվեց նաեւ ԱԺ-ն: Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ ԱԺ-ն, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծմանը կողմ քվեարկելով, ամենամեծ հարվածը հասցրեց խոսքի ազատությանը :

Սեմինարին հրավիրված պատգամավորները, մասնավորապես Արշակ Սադոյանը խոստովանեց, որ ԱԺ-ում հնարավոր չէր համապատասխան թվով պատգամավորներ գտնել: Շավարշ Քոչարյանը ավելի հստակեցրեց . «Մեր երկրի բոլոր կառույցներն ու մարմինները շատ լավ են գիտակցում, թե ով է երկրի իրական տերը եւ կատարում են նրա պատվերները: «Ա1+»- ը փակվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով»: