Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հասարակություն

Այսօր Կենտրոն Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանը հրապարակեց կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավճիռը: «Հաշվի առնելով նրա գործողությունների վտանգավորությունը, այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում ապացուցվել է դրանց իրողությունը, նաեւ այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է եւ մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտերին» դատարանը որոշեց Սաղաթելյանին դատապարտել 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամ տուգանքի:

Պետք է նկատել, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը դատարանում չէր, իսկ դատավորը վճիռը կարդում էր դողացող ձայնով եւ դողացող ձեռքերից քիչ էր մնում թափվեին թղթերը:«Դատավորը վախեցած էր: Մի 30 տարով կյանքը կարճացավ վճիռը կարդալու ընթացքում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ ավելացրեց .այս քայլով իշխանություններն ուզում են ասել - ով մեզ կասկածի՝ կնստեցնենք:

Իսկ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը նկատեց.«Սա ցինիզմ էր, սարքած գործ ոչ թե փաստի առթիվ, այլ անձի: Այս քրեական գործի եւ նախաքննության եւ դատաքննության ընթացքում խախտումների հեղեղ կա եւ դրանց վերաբերյալ խեղկատակ վերաբերմունք»:

Դատարանի վճիռը կբողոքարկվի վերաքննիչ, ապա նաեւ վճռաբեկ դատարանում, սակայն այսօր արդեն պաշտպանը առանձնապես հույսեր չի կապում նաեւ այդ ատյանների հետ: «Հույսս միայն արդարադատությունն է»,-ասաց նա:

«7 տարի հետեւում եմ դատարանների աշխատանքին եւ 7 տարի անընդհատ համոզվում, որ մեր դատարանները կատարում են հրաման,որը տրվում է վերեւից»,- իր տպավորությունները կիսեց Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը:

Իսկ ամբաստանյալը որեւէ կերպ չարձագանքեց դատավորի կայացրած վճռին. հավանաբար լավ ճանաչելով այսօրվա դատական համակարգը Մուշեղ Սաղաթելյանը որեւէ սպասելիք չուներ: Մեր երկրում արդարադատության իրական պատկերի մասին ամբողջական գնահատական տալու համար արժե առանց մեկնաբանության հիշել ամենավայրագ կերպով ծեծի ենթարկված եւ սպանված Պողոս Պողոսյանի գործով դատավարությունը եւ հանցագործի՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի հանդեպ կիրառված պատժամիջոցը՝ պայմանական ազատազրկում 2 տարի ժամանակով: