Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ԵՎ ԱՅՆ ԿՔՆՆԱՐԿՎԻ

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի նշանակած պաշտոնյան չի կարող անաչառ համարել նախագահի պաշտոնանկության հիմքերը, - այսօր մեր խնդրանքով անդրադառնալով վարչապետի վերջին հայտարարությանը ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Ընդհանրապես, ըստ նրա, վարչապետը չէ, որ պետք է իր սուբյեկտիվ գնահատականը տա պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ: Այդ հարցը պետք է քննարկեն համապատասխան մարմինները՝ ԱԺ-ն ու ՍԴ-ը: Իսկ հիմքեր պաշտոնանկության համար, Բազեյանի կարծիքով, կան, դեռ ավելին. «այդ հիմքերը կբավարարեն 2 նախագահ սահմանադրական ճանապարհով պաշտոնոնկ անելուն»:

Մտավախություն կա, որ Աժ-ի նիստը կամ նիստում քվեարկությունը կարող են բոյկոտել իշխանամետ պատգամավորները եւ հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ նստաշրջան՝ սեպտեմբեր: Ի՞նչ եք անելու այդ դեպքում հարցին Ալբերտ Բազեյանը պատասխանեց, որ անվերջ չի կարող ձգձգվել հարցի քննարկումը: Կանոնակարգի համաձայն այն պետք է քննարկվի անկախ ամեն ինչից, իսկ երկար ժամանակով պարալիզել ԱԺ-ի աշխատանքները անհնար է:

Չի բացառվում նաեւ, որ նախագահը գնա ԱԺը լուծարելու ճանապարհով. «Դրանով արդեն ակնհայտ կդառնա, թե ինչ խնդիր է լուծում նախագահը. ամեն կերպ պահել աթոռը», - նկատեց Բազեյանը: «Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչ քայլերի է ընդունակ այսօրվա իշխանությունը: Նրանք ամեն ինչ կանեն միայն թե պահեն իրենց աթոռները: Սակայն ապօրինություններն չեն կարող անվերջ շարունակվել: Եթե հասարակությանը՝ ՀՀ քաղաքացիներին, չհաջողվի քաղաքական ճանապարհով հասնել երկրում օրենքների պահպանմանն ու կիրառմանը, կգտնվեն այլ ձեւեր՝ իրավական եւ այլն»: Ի դեպ, ընդդիմությունը, այսպես ասած թայմ աուտ էր վերցրել, որպեսզի իշխանությունների զգոնությունը բթացներ եւ անսպասելի հարվածեր: «Դա մեզ հաջողվեց, - ասում է ՝ «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը, - ԱԺ ում պաշտոնանկության հարցը դարձավ քննարկման առարկա»: