Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ ԱՆՁԱՄԲ ՔՈՉԱՐՅԱՆԸ, - ԱՍՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Քաղաքականություն

Նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնանկության նոր նախաձեռնությունն այսօր ԱԺ խմբերի եւ խմբակցությունների ճեպազրույցների հիմնական թեման էր: Ռ Քոչարյանի պաշտոնանկության հիմք այս անգամ հանդիսացել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը, որպես երկրի անվտանգության երաշխավոր քայլեր չձեռնարկելը: Նախաձեռնության հեղինակները, հիմք ընդունելով «հոկտեմբերի 27-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, նախագահին մեղադրում են նույնիսկ ահաբեկչությունը կազմակերպելու մեջ»:

«Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն այսօր շտապեց հայտել, որ հանձնաժողովի եզրակացությունը հիմք չի կարող հանդիսանալ Քոչարյանի պաշտոնանկության համար: «Լղոզված եւ ձախողման դատապարտված նախաձեռնություն է», - հայտարարեց պարոն Սահակյանը: Պարոն Սահակյանի հետ համամիտ է նաեւ դաշնակցական Աղվան Վարդանյանը: Պարոն Վարդանյանը անչափ վտանգավոր է համարում 27-ի ցանկացած շահարկում:

Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը «հոկտեմբերի 27-ի գործով հանձնաժողովի եզրակացության մեջ նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքները համարեց անլուրջ. «Այն մակարդակի մեղադրանքներ, ասենք Քոչարյանին մեղադրում են չսափրվելու մեջ: Գուցե նախագահի չսափրված լինելու մասին օրինակը պատահականություն էր, սակայն այն կապվում է հոկտեմբերի 27-ի հետ: Նախագահ Ռ Քոչարյանը ահաբեկչությունից անմիջապես հետո ժողովրդին կոչով չկարողացավ դիմել, քանի որ, ինչպես ինքն ասաց, սափրված չէր»:

Հայաստան Խմբակցության անունից Մյասնիկ Մալխասյանը հայտնեց, որ նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ-ում անպայման պետք է քննարկվի: Ավելի կտրուկ էր կոմունիստ Գագիկ Թադեւոսյանի խոսքը: Պարոն Թադեւոսյանը չի կասկածում, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների հետեւում ուժեր կան կանգնած: Նա նաեւ վստահ է, որ ահաբեկիչներին երաշխիքներ տալիս է անձամբ նախագահ Ռ Քոչարյանը: «Երբ ասում է՝ քանի ես նախագահ եմ, մահապատիժ չի լինի, դրանից ավելի լավ ինչ երաշխիք կարող է լինել», - ասաց պարոն Թադեւոսյանը: