Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԳԻԿԸ ՉՀԱՍԿԱՑԱՎ ԳԱԳԻԿԻՆ...

Հասարակություն

Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում այսօր հարցաքննվեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ ահաբեկիչները ներխուժել են դահլիճ, նրան թվացել է, թե ադրբեջանական դեսանտ է իջել Հայաստան, եւ ԱԺ գրավելու են: Նա տեսել է, թե ինչպես են գնդակահարել վարչապետ Վազգեն Սարգսյանին, հետո գոռացել է «պառկեք», պառկած վիճակում մարտական վիճակի է բերել ատրճանակը... Սակայն ատրճանակը այդպես էլ գործի չի դրել:

Կոստանդյանի ցուցմունքները այսօր շատերին զարմացրեցին: Ըստ նրա, դիտավորյալ էր միայն Վազգեն Սարգսյանի սպանությունը, իսկ Կարեն Դեմիրճյանն ու մյուսները պատահական զոհեր են: Նա պնդում է, որ առաջին իսկ րոպեներին դահլիճում եղել է փոխհրաձգություն, որ ինքը ելույթ է ունեցել եւ խնդրել չկրակել, քանր որ «կրակահերթերը իրենց են դիպչում»: Պատգամավորին հիշեցրեցին. նախաքննությամբ պարզվել է, որ փոխհրաձգություն սկզբում չի եղել, դա չկա նաեւ տեսաերիզի վրա: Նա ստիպված էր խոստովանել, որ երեւի սխալվում է:

Պարոն Կոստանդյանը ակնարկեց, որ ինքը շատ ինֆորմացիա ունի, սակայն չի ասի, քանի որ երբ փորձել է խոսել /օրինակ Արմենակյանի մասին/, իր տունը հրդեհել են: Երբ մեղադրող Գագիկ Ավետիսյանն այնուամենայնիվ պահանջեց ներկայացնել, թե այդ ինչ ինֆորմացիայի է տիրապետում պատգամավորը, վերջինս ընդդիմացավ եւ սկսեց վիրավորել մեղադրողին, դիմել դու-ով, նույնիսկ փորձ արեց լքել դահլիճը, դրան հետեւեցին մյուս կողմի մեղադրանքները: «Լեզվակռիվը» եւ պատգամավորի «զայրույթը» մի կերպ մեղմեցին ու հարցաքննությունը շարունակվեց:

Կոստանդյանն ասում է, որ ինքը նախաքննության ընթացքի խախտումների վերաբերյալ շատ նյութեր ունի, «եթե սկսեմ պատմել, մի շաբաթ կտեւի»: Դատավարության մասնակիցներին զարմացրեց պատգամավորի պատասխանը «ինչպիսի՞ վերաբերմունք ունեք ամբաստանյալների նկատմամբ» հարցին: Նա ասաց. «Ոչ բարյացակամ»: