Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ի ՆԱՄԱԿԸ ՊԱՐՈՆ ԱԳՈՅԻՆ

Հասարակություն

Ս.թ. մայիսի 23-ին «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նամակ էր հղել պարոն Ագոյին ՝ վերջինիս Հայաստան կատարած այցի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը.

«Ա1+» հեռուստաընկերությունը մեծապես կարեւորում է այն փաստը, որ մեր հեռուստաընկերության եթերից զրկվելու հարցը նույնպես քննարկվել է Հայաստանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ։

Դուք տեղյակ եք, որ «Ա1+» հեռուստաընկերության գործը գտնվում է դատարանում։ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի դեմ ներկայացրած մեր հայցում նշվում է, որ Հանձնաժողովը «Ա1+»-ին եթերից զրկել է օրինախախտումներով։

Ձեր վերջին մամլո ասուլիսից հետո լրատվամիջոցները, մեջբերելով Ձեզ, տարածեցին մի հաղորդագրություն, ըստ որի Դուք «ընդունում եք այն, թե «Ա1+» հեռուստաընկերությունը եթերից զրկվել է օրենքի շրջանակներում», առանց բացատրելու, սակայն, թե ինչ փաստաթղթի վրա է հիմնված Ձեր տեսակետը։

Մենք կուզեինք, որ Դուք հաստատեիք կամ հերքեիք վերոհիշյալ հրապարակումը։ Հարգելով Ձեր հեղինակավոր կարծիքը` մենք կուզեինք իմանալ, արդյո՞ք վերոհիշյալ խոսքերն Ձեր կողմից ասվել են, թե լրագրողներն են թյուր կերպով ներկայացրել Ձեր կարծիքը։

Նախապես շնորհակալ ենք:

ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ