Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՈՆ ԱԳՈՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «Ա1+»-ԻՆ

Հասարակություն

Հարգելի պարոն Մովսեսյան

Շնորհակալ եմ Ձեր նամակի համար՝ Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ իմ կողմից արված հայտարարությունների առնչությամբ։ Կուզենայի դրանցում որոշակի ճշգրտումներ անել։

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Դիտորդների իմ գլխավորած Խումբը, որը մայիսի 15-ին ժամանել էր Հայաստան, իշխանությունների հետ իսկապես քննարկել է Հայաստանի՝ Եվրախորհրդի հանդեպ ունեցած պարտավորություններին առնչվող հարցեր, այդ թվում եւ խոսքի ազատության հարցը։ Այդ համատեքստում բարձրացվել է նաեւ «Ա1+»-ի հեռարձակման արտոնագրի չերկարացման հարցը։ Մենք չենք քննարկել մրցույթի օրինականության հարցը, որը հանգեցրել է Ձեր հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելուն։

Ռոբերտ Քոչարյանը եւ մենք շեշտել ենք, որ Հայաստանի համար նպատակահարմար չէ չունենալ հեռարձակվող թեկուզ մեկ կայան, որը հնարավորություն կտար ընդդիմությանն իր տեսակետներն արտահայտելու։

Այս համատեքստում նախագահը խոստացավ, որ հայտերի նոր մրցույթ կնշանակվի։ Այդ միջոցառումը կանցկացվի թափանցիկ։ Նախագահը նույնիսկ առաջարկեց Եվրախորհրդի փորձագետների մասնակցությունն այդ գործում։

Սա արտացոլում է հենց այն, ինչ ես ասել եմ մամլո ասուլիսի ժամանակ։ Ես հավատում եմ, որ այն ճշգրտորեն բացատրում է մեր խմբի դիրքորոշումն այս հարցում։

Անկեղծորեն

ՊԻԵՏՐՈ ԷՐԿՈՒԼԵ ԱԳՈ