Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՈՒԺՈՎ»

Մարզեր

Չնայած Սեւանում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ կատարված միջադեպին, այսօր «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումն անցավ առանց խոչընդոտների: Թեեւ երեկ ուշ երեկոյան Գեղարքունիքի ոստիկանապետը Սեւանում խորհրդակցություն էր հրավիրել, բայց ոչ մի ոստիկան չէր խոչընդոտել Սեւանյան հանդիպմանը: Ավելին, ոստիկանները մեծ հետաքրքրությամբ էին լսում ընդդիմադիր պատգամավորների ելույթները:

Սակայն մինչ նրանց խոսելը, իրենց խնդիրները ներկայացրին սեւանցիները: Նրանք բավականին լավատեղյակ էին ոչ միայն այսօրվա իրողություններին, այլեւ պատմությանը: Սեւանի բնակիչ Արայիկ Սարգսյանը Օլիվեր Կրոմվելի խոսքերը հիշեցրեց, թե «մենք ուզում էինք ստեղծել հպարտ մարդկանց հասարակություն, սակայն մարդիկ իրենց ոչխարի նման են պահում»: Նա նկատեց, որ ժողովրդին կնվաստացնեն այնքան ժամանակ, քանի այդ ժողովուրդը հանդուրժում է նվաստացումը:

«Բա մենք ա՞զգ ենք, ամեն տեղ հպարտանում ենք. հո մենակ գլուխ գովելով չի, հը բը՞: Ես ֆաշիստ եմ, նացիոնալիստ եմ, որովհետեւ ֆաշիզմն է կոմունիզմի հիմքը: Ես Ստալինի ու Հիտլերի ցավը տանեմ»,-ասաց սեւանցի Սամվել Մելքոնյանը, որը նկատեց, որ իր անունը միայն «պասպորտով է այդպես, իրականում ինքը Հիտլերն է»:

«Իմ տղերքը, որ երեք-երեք ֆիդայի տվեցի, գնացին կռվան, եկան, Սերժից վատ տղա՞ են, որ տուն չունեն, իսկ սաղ բենզակալոնկեքը Սերժինն ա»,- իր կյանքից դժգոհեց Օֆիկ Սահակյանը, որը մեզ տեղեկացրեց, որ մեր տարիքի չափ ինքը միայն սովորել է, սակայն այսօր սոված-ծարավ է ապրում: «Ես 40 տարի աշխատել եմ, որ էսօր Քոչարյանը գնա աշխարհով մեկ պտտվի, գա՞, ինքը Ֆրանսիայում լինի, ասի, էստեղ բաղրամյան պողոտայում ժողովրդին կոտորե՞ն»,- դիմեց տիկին Օֆիկը Ստեփան Դեմիրճյանին:

Մարդկանց դժգոհությունների պատասխանը տվեցին «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Գրիգոր Հարությունյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Ստեփան Դեմիրճյանն էլ նկատելով, որ շատ հիշատակվեց նախկին գործիչների՝ Հիտլերի, Ստալինի, Կրոմվելի անունները, ինքն էլ հիշեցրեց Ռուզվելտի խոսքը. «վախենալ պետք է վախից»: Եվ մեծ ուրախությամբ արձանագրեց, որ սեւանցիները հաղթահարել են վախը: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ եթե վախենալու լինեն, իրենք էլ կվախենան. «Երկու երեխու տեր մարդ եմ, հեռուստատեսությամբ հայտարարույմ եմ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է Նուբարաշենում նստեն, որովհետեւ հանցագործ են, հետո գալիս եմ, մտնում եմ տուն, ինչ կուզեն կանեն, չէ՞. էս երկրում հոկտեմբերի 27 է իրականացվել: Բայց չենք վախենում ու պետք է պայքարենք»:

Նման բովանդակությամբ միտք արտահայտեց նաեւ Գրիգոր Հարությունյանը` ասելով, որ ամեն անգամ շքամուտք մտնելուց մտածում ես մի բան չանեն, «բայց պայքարում ենք ու հաղթելու ենք, ձեզ հետ միասին»:

Ի դեպ, այսօր եւ Լճաշենում, եւ Սեւանում պատգամավորները կոչ էին անում «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումների սպասվելիք հանրաքվեում: Իսկ Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ այդ հանրաքվեն կվերածվի Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի: Նա նաեւ իշխանությունը վերցնելու երկու ճանապարհ մատնանշեց. կամ ուժով, կամ բռնությամբ. «Մենք իշխանությունը վերցնելու ենք ուժով, ձեր՝ ժողովրդի ուժով»: