Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԸ ԶՐԿԱՆՔՆԵՐ Է ԿՐՈՒՄ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարզեր

Լճաշենցիները զրկված են պետական որեւէ կարգի աջակցությունից, որովհետեւ, ըստ գյուղացիների, նախագահական վերջին ընտրությունների ժամանակ իրենք ընտրել են Դեմիրճյանին ու Գեղամյանին: Լճաշենցի ծերունիներից մեկը պատմում էր, որ եկել, գյուղում գազ են քաշել ու փող չեն վերցրել՝ պայմանով, որ գյուղն ընտրի Քոչարյանին:

Սակայն ընտրություններից հետո, երբ պարզվել է, որ գյուղում ընտրվել է Ստեփան Դեմիրճյանը, թոշակներն ու նպաստները չեն բաժանել` հայտարարելով, որ այդ գումարները գազաֆիկացման համար են պահում: Ընդհանրապես, այս գյուղ տարիներով ոչ մի պաշտոնյա չի մտնում, նույնիսկ իրենց պատգամավորը երբեւէ չի եղել գյուղում: Հիշեցնենք, որ պատգամավորը Խաչիկ Պետրոսյանն է՝ ԱԱ նախկին նախարար Կառլոս Պետրոսյանի եղբորորդին:

Այսօր էլ, մինչեւ պատգամավորների գյուղ ժամանումը, երբ մոտենում էինք գյուղի բնակիչներին ու փորձում էինք պարզել, թե ինչու են հավաքվել գյուղամիջում, ասում էին. «Կարեւոր մարդիկ են գալիս, եկել ենք տեսնենք՝ ի՞նչ են ասում, ի՞նչ պտի ըլնի էս ազգի վիճակը»:

Իսկ «կարեւոր մարդիկ» «Արդարություն» դաշինքի պատգամավորներն էին՝ գլխավորապես ՀԺԿ-ն: Նախ նկատենք, որ 1200 տնտեսություն ունեցող գյուղում այսօր կա 2000 ընտրող, որոնց զգալի մասը գյուղից արտագաղթել է: Իսկ գյուղից չհեռացածները հիմնականում գործազուրկ են. գյուղում աշխատող ձեռնարկություն ընդհանրապես չկա. կա միայն գորգի գործարանը, որի աշխատողների հիմնական մասը Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի ու քաղաքների բնակիչներ են:

Ստեփան Դեմիրճյանի եւ դաշինքի անդամների հետ հանդիպմանը եկել էին մոտ 100 հոգի: Նրանց հետ էր նաեւ գյուղապետն ու գյուղի թաղային ոստիկանը՝ մի քանի իր աշխատակիցներով, որոնց ի դեպ, Ստեփան Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց, որ եկել են ոչ թե խոչընդոտելու, այլ կարգը հսկելու: Հնչեցին բավականին հարցեր՝ սոցիալական վիճակից, տարադարամի փոխարժեքից, մինչեւ հեղափոխության անհրաժեշտություն:

Իսկ գյուղացիներից մեկի բարձրացրած «ինչ անել» հարցին, պատասխանեց համագյուղացիներից մեկ ուրիշը. «Գալուստ Սահակյանին ա պետք ոչնչացնել, Գալուստին»: «Էն Սադոյանին էլ էնտեղ գնդակահարեցին»,-ավելացրեց մյուսը: «Բայց ինչի՞ են գնդակահարել: Ես կարծեմ առավոտյան տեսել եմ Սադոյանին»,-կատակով նկատեց Ստեփան Դեմիրճյանը:

Վիկտոր Դալլաքյանը ժողովրդին տեղեկացրեց, որ իրենց հաշվին են հարստանում մեր երկրում «Ղարաբաղյան կլանի պարագլուխները՝ Սերժ Սագսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»: Նա հայտարարեց, որ դոլարի փոխարժեքի տատանման հետեւանքով այդ երկու հոգին 10 ամսում գրպանել են 270 մլն դոլար:

Լճաշենցիները դժգոհեցին անպատժելիության մթնոլորտից. «Մարդ ավտոատը ձեռքին մտնում ա ժողով ու ղեկավարությանը գնդակահարում, մի հատ էլ ա չեն բռնում, դատում: Ես որ ավտոմատ վերցնեմ, դուրս գամ փողոց, կբռնեն, կդատեն»:

Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ հոկտեմբերի 27-ի մասով իրենց վերաբերմունքը ժողովուրդը գիտի, եւ բռնազավթած իշխանությունն ազատագրելուց հետո բոլոր հանցագործներն ու մեղավորները պատժվելու են: