Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՎԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ Է

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու, որ ուսումնասիրել են կաթնամթերքի ու մսամթերքի շուկայի մի մասը, հայտնաբերել մենաշնորհային դիրք ունեցող ձեռնարկությունների, զարմացել փաստաթղթով արձանագրված արտադրության ծավալների անտրամաբանականությունից, պատժել կաթնամթերք եւ մսամթերք արտադրող 8 սուբյեկտի:

Հանձնաժողովի փոխնախագահը հպարտությամբ հայտարարեց, որ պատժել են նաեւ հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող երեք ընկերությունների: Մի քանի լրագրողի խնդրանքով Պավել Ղալթաղչյանը տրամադրեց գազի գործ անող պատժված ընկերությունների ցուցակը. երեքն էլ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հեղուկ գազի վաճառքով տուն «պահողներ» էին, որից երկուսը` Արտավազդ Թանգանյանը եւ Հովիկ Մարտիրոսյանը անհատ ձեռներեցներ են, մեկը՝ ՍՊԸ, որի ղեկավարի անունը նույնպես ոչինչ չի ասում՝ Աշոտ Աղաջանյան:

Խոսուն են պաղպաղակի եւ թթվասերի մոնոպոլիստ բիզնեսմենների անունները: «Աշտարակ-կաթ» ընկերությունը շուկայում գերիշխում է 40.2%-անոց դիրքով, իսկ «Շանթ Պլյուս» ընկերությունը պաղպաղակի շուկայի 1/3-րդից ավելին գրավել է: Պաղպաղակ արտադրողների մասին առավել ուշագրավ տեղեկություն ուներ հակամրցակցային հանձնաժողովի փոխնախագահը: Պարզվում է, այդ ընկերությունների տրամադրած փաստաթղթերով, նախորդ տարում Հայատանում արտադրվել է ընդամենը 1300 տոննա պաղպաղակ:

Նա համեմատեց 1990թ. տվյալների հետ, երբ մեկ տարում արտադրվում էր 10900 տոննա պաղպաղակ: Պավել Ղալթաղչյանի հաշվարկով, 2004թ. ցուցանիշները հիմք ընդունելու դեպքում ստացվում է, որ եթե մեր երկրի քաղաքացիների ընդամենը 1/3-րդը պաղպաղակ ուտի, տարեկան նրանց բաժին կհասնի ընդամենը 400 գրամ պաղպաղակ: 1990թ. մեկ շնչին բաժին է հասել 3 կգ. պաղպաղակ: Հանձնաժողովի պաշտոնյան խիստ տարակուսեց, որ արտադրանքի իրական ծավալները գտնվում են ստվերում:

Պավել Ղալթաղչյանն այսօր ուրախությամբ հայտնեց նաեւ, որ օրենսդրական փոփոխություններով անբարեխիղճ մրցակցողների համար շատ ավելի խիստ պատժաչափեր են մտցվել: