Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Քաղաքականություն

Ավարտվեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի այցը Հայաստան: Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ համատեղ հայտարարություն եւ համագործակցության արձանագրության լրացումների վերաբերյալ:

Տեղի ունեցած ասուլիսում Վլադիմիր Ռուշայլոն ասաց այն, ինչին բոլորը միշտ սպասում են.
«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է»:

Իր գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Ռուշայլոն քննարկել է Կովկասում կայունության եւ անվտանգության հաստատման, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, կադրերի վերապատրաստման հարցեր: Ըստ պարոն Ռուշայլոյի, կավելանա ՌԴ ուսումնական հաստատություններում վերապատրաստվող մեր հայրենակիցների թիվը, ընդ որում նրանք կսովորեն անվճար:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա նորից նշվեց, որ հարցը պիտի լուծվի քաղաքական մեթոդներով. «Հուսալ, թե ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո մի ժամում ամեն ինչ կլուծվի միամտություն է»:

Հայաստանը մոտ ժամանակներս Ռուսաստանին կներկայացնի իր ռազմատեխնիկական կարիքները եւ կլուծվի զենքի մատակարարման հարցը: Ի՞նչ տեսակի, ի՞նչ քանակի զենք է վաճառվելու Հայաստանին եւ ե՞րբ, այս հարցերը հետաքրքրեցին ներկաներին: Սերժ Սարգսյանը նկատեց. «Սա այն լսարանը չի, որտեղ կարող ենք այդ թվերն ասել»:

Նախարարը նախ նկատեց, որ մենք զենք գնում ենք ոչ միայն Ռուսաստանից, այլեւ այլ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից: Իսկ Վլադիմիր Ռուշայլոն հաստատեց.«Ռուսաստանը այն երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը նման գործարքներ է անում»:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչ կլինի մեր ստորագրած պայմանագրերի եւ ստանձնած պարտավորությունների շրջանակում, ոչինչ բացի սովորական սպառազինություններից: