Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ՞Ց

Մարզեր

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում զինդատախազ Անահիտ Եղիազարյանը զմահ ազատազրկում է պահանջել զինծառայողներ, Գյումրիի բնակիչներ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ վանաձորցի Արայիկ Զալյանի համար, որոնք մեղադրվում են 2003թ-ի դեկտեմբերի 24-ին Մատաղիսի զորամասում կատարված Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոմիկ Եղիզարյանի սպանության համար: Այս մասին տեղեկացնում են Գյումրիի «Ցայգ» հ/ը մեր գործընկերները։

Վճիռը հրապարակվելու է մայիսի 16-ին: Իսկ մինչ այդ զինծառայողների ծնողները բողոքի ցույց էին կազմակերպել Գյումրու զինվորական կոմիսարիատում, որտեղ տեղի էր ունենում հերթական զորակոչը: Ամբաստանյալների ծնողները հավաստիացնում են, որ իրական մեղավորները բարձրաստիճան սպաներ են, եւ որ իրենց որդիները ընդհանրապես սպանությունից անտեղյակ են:

Զինվորական դատախազությունը սակայն շարունակում է մեղադրել ամբաստանյալներին, հաշվի առնելով Ռազմիկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, որից այնուհետ հրաժարվել է: Ռազմիկ Սարգսյանի մոր՝ Ջուլիետա Սարգսյանի հավաստմամբ որդին ճնշումների ու ծեծի արդյունքում է ցուցմունք տվել:

Սպանվածներից մեկի հայրը եւս համոզված լինելով, որ կատարված սպանությունը տղաների ձեռքի գործը չէ, իր հերթին պահանջել է գտնել իրական մեղավորներին:Իսկ ամբաստանյալների հարազատները, իրենց իսկ խոսքերով, սպանության հետ կապ չունեցող տղաներին ազատ արձակելու նպատակով դիմել են ամենատարբեր ատյաններ, սակայն անարդյունք:

Ցուցարարների հետ զրույց ունեցավ մարզի ոստիկանապետի տեղակալ Համլետ Կիրակոսյանը: Առանձնազրույցից հետո ակցիայի մասնակիցներին ուղեկցեցին Շիրակի մարզի դատախազ Արա Սարգսյանի մոտ: Արդյունքում ծնողներին հնարավորություն է ընձեռվել հանդիպելու հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: