Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՑԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԼՈՒԾՎԵՑ ՌՈՒՇԱՅԼՈՅԻ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր շարունակվեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի այցը Հայաստան: Առավոտյան պարոն Ռուշայլոյին ընդունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Կառլոս Պետրոսյանը:

Այնուհետեւ ռուսական պատվիրակությունը մեկնեց Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պարոն Ռուշայլոն ծանոթացավ ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների հետ, դիտեց ֆրանսիացի նկարիչ Ժանսեմի կտավները: Վերջում ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պարոն Ռուշայլոյին նվիրեց Ժանսեմի վերատպությունների ալբոմը: Հանկարծ նա նկատեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի մասին մոռացել էր: «Սերժ Ազատովիչը չունի», ասաց նա եւ կարգադրեց աշխատողներից մեկին եւս մեկ գիրք բերել: Որքան էլ Սերժ Ազատովիչը չէր ուզում, այնուամենայնիվ նվեր ստացավ:

Երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները իրենց բանակցություններից հետո հայտարարեցին, որ քննարկել են բազմաթիվ հարցեր: Դրանց մի մասը լուծվել են, - վստահեցրեց Ռուշայլոն, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության եւ կադրերի պատրաստման խնդիրները: Բնականաբար կողմերն անդրադարձել են միջազգային ահաբեկչությանը: Վլադիմիր Ռուշայլոն միջազգային հանրության պայքարն ահաբեկչության դեմ հաջողված չի համարում. «Կասպիյսկում տեղի ունեցած ահաբեկչությունն ապացուցեց, որ ահաբեկիչները միշտ էլ պատրաստ են նման նողկալի քայլերի», - ասում է Ռուշայլոն:

Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում եւ պակիստանահնդկական սահմանում ստեղծված իրավիճակը: ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գոհ էր հանդիպումից. «Կարեւոր է, որ ամեն ինչ անցավ լավ մթնոլորտում»:

Այսօր Վլադիմիր Ռուշայլոյի համար պատրաստվել էր նաեւ հանգստի ծրագիր: Սովորականի պես հյուրին տարան Գառնի, Գեղարդ, իսկ երեկոյան Սարդարապատ:

Ի դեպ, Վլադիմիր Ռուշայլոյի թիկնապահներից մեկը, մինչ Գառնի մեկնելը, նկատել էր, ուրեմն այսպես ծրագրով մենք հիմա երկու տաճար ունենք, մեկը հեթանոսական, մյուսը ուղղափա՞ռ: