Բացել լրահոսը Փակել լրահոսը
73
A A
Պաշտոնական

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի 5-ը, կրում է «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը և նպատակ ունի քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները: Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ անդամ 68 երկրներից: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ևս մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական տարեկան հանդիպմանը:

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այլ ֆինանսական կառույցների և գործընկեր երկրների պատվիրակությունների հետ: Մայիսի 3-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև անդրադարձել են հետագա համատեղ հեռանկարային ծրագրերի: Հանդիպումները կշարունակվեն մայիսի 5-ին նույնպես։